38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Լավն եք, էլի, լավը, հո զոռո՞վ չի...

Լավն եք, էլի, լավը, հո զոռո՞վ չի...
12.09.2008 | 00:00

ԻՍԿ ՀԵՏՈ՞...
Օրերս ԿԲ խորհուրդը կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ այն սահմանելով 7,75%: Թե ինչ է սա նշանակում, մեկ անգամ չէ, որ ընթերցողի հետ ըմբռնել ենք: Իրականում կյանքը Հայաստանում գնալով թանկանում է, թանկանում է մեծավ մասամբ սուբյեկտիվ պատճառներով, մոնոպոլիզմից և կոռուպցիայից խեղդվող տնտեսության պայմաններում, ինչը, որքան էլ «կազմակերպվի և հավասարակշռվի» իշխանությունների կողմից, այդուհանդերձ, որոշակի նիշից այն կողմ դառնում է վտանգավոր նույն այդ իշխանությունների համար: Բա ո՞նց ՀԲ-ին ու մյուսներին ցույց տան, թե ինչ լավ ենք զարգանում և ինչպիսի առաջանցիկ տեմպերով…
Քանի որ հարցն այդպես է դրված, կառավարությանը հերթական անգամ օգնության է հասել Կենտրոնական բանկը` բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչն արտաքնապես և էլի մի կարճ շրջան կարող է որոշակիորեն ելք հանդիսանալ մոնոպոլիստների «թաթիկներին մեղմորեն զարկելու» ուղղությամբ:
Ինչպես ասում են` հարց չկա, որովհետև կարող էին խոշոր հաշվով թքած ունենալ բոլորիս վրա և դա էլ չանել: Բայց ծիծաղելին, ինչպես միշտ, ԿԲ-ի տված բացատրությունն է, որով նրանք մեկնաբանում են սույն քայլի անհրաժեշտությունը: «Չնայած 2008 թ. օգոստոսին հուլիսի նկատմամբ արձանագրվել է 0,7% գնանկում, 12-ամսյա գնաճն ավելացել է 0,8 տոկոսային կետով` կազմելով 11,5%»,- ներկայացնում են ԿԲ-ում` այդպիսով նախ հերքելով ՀՀ ազգային վիճակագրության ծառայության մատուցած պաշտոնական տվյալները, ըստ որոնց` 2008 թ. օգոստոսին հուլիսի նկատմամբ հիմնականում ոչ թե գնանկում, այլ գնաճ է արձանագրվել, դե, իսկ հետո էլ սովորական մահկանացուներիս ավելորդ հասկանալի դարձնելով այն պարզ ճշմարտությունը, որ ինչպես վարչապետն էր ասում, եթե իշխանությունները կամենան, շատ լավ էլ կարող են ազդել գների վրա, չնայած իրենց գեղեցիկ պնդումներին, թե շուկան ինքնակարգավորվող օրգանիզմ է և այլն, և այսպես շարունակ…
Ինչպես արդեն նկատեցիք, մեր խոսքում լավ էլ ակնհայտ ակնարկ կա, և այն առաջին հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի իսկ նշած ցորենի, բրնձի (պայմանականորեն խումբը հացամթերք կոչենք) համաշխարհային գների նվազմանն ու հայկական իրողության մեջ տարօրինակ կերպով դրա չարտացոլմանն է վերաբերում: Եվ դա` չնայած նաև վարչապետի սպասելիքներին, ով «հույս ուներ, որ իրավիճակը շատ արագ կշտկվի»:
Չշտկվեց: Ամբողջ աշխարհում շտկվեց. մեր նշած խմբի ապրանքատեսակների գներն իջան զգալի չափերով, իսկ մենք դեռ «քնած ենք էշի ականջում»: Ինչո՞ւ, հասկանալի է. տղերքը փող են աշխատում «ազգիս վրա» ու նրա հաշվին: Բայց քանի որ, ինչպես արդեն վերևում էլ նշեցինք, ինչ-որ պահից սկսած` սույն «շուստրիությունը» հղի է ծանր և ծանրագույն հետևանքներով, և հերթական անգամ ԿԲ-ն «կազմակերպված տղեքին» ստիպված մի կարճ ընթացք նեղում է, եթե դա նեղել կարելի է համարել` բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը (ինչի առիթով, ի դեպ, սեմինարներից մեկի ժամանակ ԿԲ նախկին նախագահ, այժմ վարչապետ Տիգրան Սարգսյանը հպարտ-հպարտ նշեց, թե «գոնե մենք աշխատում ենք, աշխատում ենք անկեղծ և շատ հաճախ չափազանց կոշտ համարվող մեր այս դիրքորոշմամբ, սիրելի լրագրող, հենց ձեր ասած Անժիկ տոտային ենք պաշտպանում, գուցե նաև ձեր կողմից մատնանշված մոնոպոլիստների` շուկայում առաջ բերած «գնային կոշտություններից», եթե այդպիսիք առհասարակ մեր իրականության մեջ կան»…) և «հարթելով գնային կոշտությունները»: Բնականաբար, հընթացս նաև ձևացնում է, թե ո՛չ ինքն է հասկանում` ինչ է կատարվում, ո՛չ մենք։
Արդեն նշեցինք, որ աշխարհն այլևս և արդեն քանի ամիս խնդիր չունի հացամթերքի գների հետ կապված, իսկ մեր ԿԲ-ն դեռ շարունակում է պնդել, թե մեզանում նկատված գնաճը «հիմնականում պայմանավորված է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձություններով և այդ պարագայում «հացամթերք» ապրանքախմբի գների անփոփոխ վարքագծով` ակնկալվող նվազման փոխարեն»:
Ի միջի այլոց, կթվա` նյութ չունենք ձեռքի տակ, հերթական անգամ «ծամծմում ենք», բայց ո՛չ: Ազնիվ խոսք, ինձ հիացնում է ԿԲ մամլո ծառայության հրապարակած և մեզ տված հաղորդագրությունների պրոֆեսիոնալիզմի աստիճանը, որովհետև ամեն մի նախադասությունից հետո առաջացած հարցիդ հաջորդն անմիջապես պատասխանում է, և այլ բան է, որ այդ պատասխանն արդեն իր հերթին է կամ հարց առաջացնում, կամ ծիծաղ: Ինքներդ դատեք. «ԿԲ խորհուրդը հաստատեց, որ չնայած օգոստոսին արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումները շարունակել են թուլանալ, այնուամենայնիվ, Հայաստանի ներքին շուկայի վրա այս միտումներն էական ազդեցություն չեն ունեցել: Վերջինս պայմանավորված է ինչպես տարածաշրջանում ընթացող իրադարձությունների արդյունքում դեպի Հայաստան ապրանքների ներմուծման արգելքների առաջացմամբ, այնպես էլ առանձին ապրանքների շուկաների անկատարությունների պատճառով ներքին գների դանդաղ արձագանքմամբ: Այդուհանդերձ, «եթե դեպի Հայաստան ապրանքների ներմուծման խոչընդոտները շարունակական բնույթ չկրեն, ներքին պահանջարկի աճը լրացուցիչ գնաճային ճնշումներ չի առաջացնի»,- հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը, և այս հաղորդումը, ինչպես արդեն հասկացաք, ես մուտք եմ անում իմ արխիվ: Շատ հասկանալի պատճառներով: Վստահ եմ, որ վաղը-մյուս օրը, չնայած հայտարարված «անարգելությանը», Հայաստանում տեղի ունեցած և ունենալիք ողջ տնտեսական այլանդակությունները բարդելու են վրաց-օսական կամ վրաց-ամերիկա-ռուսական հնգօրյա պատերազմի «ուսերին», որովհետև էս մարդիկ այժմվանից արդեն տագնապներ ունեն: Ահա` «հակառակ դեպքում, էական ռիսկ կառաջանա ինչպես գնաճի ավելացման, այնպես էլ երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի տեմպերի նվազման առումով»,- պնդում է ԿԲ-ն:
Բա հետո՞, կհարցնեք: «ԿԲ խորհուրդը, կարևորելով գնաճային սպասումների մեղմման ու նպատակային թիրախից շեղումների նվազեցման խնդիրները և հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների բնույթի և տևականության վերաբերյալ անորոշությունները, մնում է այն համոզման, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա ճշգրտումները գերազանցապես կախված կլինեն առաջիկա ամիսներին տարածաշրջանում տիրող իրավիճակից և այդ պարագայում համաշխարհային շուկաներում ապրանքների գների միտումներին ներքին գների արձագանքման արագությունից ու չափից»,- ահա և պատասխանը: Հասկանում եմ, որ այն ձեզ չգոհացրեց, բայց ի՞նչ արած: Հիմա սա է: ՈՒզում եք՝ ուզեք, ուզում եք` ոչ…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 10263

Մեկնաբանություններ